«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խաղաթղթեր խառնող բնապահպանական լրագրությունը

Խաղաթղթեր խառնող բնապահպանական լրագրությունը
20.06.2026 | 11:44

Վերջերս հաճախ եմ մտորում վերջին երկու տասնամյակի հայկական բնապահպանական լրագրության մասին: Թեև այն մշտապես եղել է մեդիադաշտի անբաժան մասը՝ հայ մամուլի ակունքներից ու խորհրդային տարիներից մինչև անկախության շրջան և մեր օրերը, այնուամենայնիվ, այսօր ցանկանում եմ անդրադառնալ հատկապես 2003-2018 թվականների ժամանակահատվածին։

Տարիներ շարունակ մեդիափորձագետները, մամուլի տեսաբաններն ու մեդիագրագիտության մասնագետները պնդել են, թե բնապահպանական լրագրությունը համեմատաբար նոր ճյուղ է հայկական մեդիադաշտում։ Մինչդեռ, երբ 2010 թվականին պաշտպանում էի լրագրությանը նվիրված դիպլոմային աշխատանքս՝ «Բնապահպանական լրագրությունը 1955-2010 թվականներին» թեմայով, ուսումնասիրությունների ընթացքում բացահայտեցի մի կարևոր իրողություն՝ հայկական մամուլը երբեք բնապահպանական թեմաների պակաս չի ունեցել։

Այլ հարց է, թե տարբեր ժամանակաշրջաններում որքան մեծ է եղել ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ, որքանով է մամուլը կարողացել ազդել պետական որոշումների վրա, և որքանով է հանրությունը գիտակցել բնապահպանական խնդիրների իրական վտանգը։

Վերադառնալով հատկապես 2003-2018 թվականներին՝ հարկ եմ համարում բացել որոշ փակ վարագույրներ և խոսել երկար տարիներ գրեթե չբարձրաձայնվող իրականության մասին։

2003 թ.-ից մինչև 2018 թվականը Հայաստանում բնապահպանական պայքարը դարձավ հասարակական կյանքի ամենաակտիվ ու ամենաքննարկվող ուղղություններից մեկը։ Այդ տարիներին հանրությունը տեսնում էր փողոցային ակցիաներ, նստացույցեր, պաստառներ, լսում ակտիվիստների անուններ, որոնք ժամանակի ընթացքում վերածվում էին հանրային դեմքերի։ Սակայն եթե ուսումնասիրենք այդ տարիների հայկական մամուլի, հեռուստաընկերությունների արխիվները, ֆոտոռեպորտաժներն ու հրապարակումները, ապա պարզ կդառնա, որ բնապահպանական բազմաթիվ խնդիրների մասին առաջին ահազանգերը հնչել են ոչ թե փողոցից, այլ հենց խմբագրություններից, որտեղ տարիներ շարունակ փաստագրվում էր այն ամենը, ինչը հետագայում վերածվելու էր հանրային լայն պայքարի։

Բնապահպանական բազմաթիվ խնդիրների մասին առաջինն ահազանգել են հենց լրագրողները։ Ընդ որում՝ շատ դեպքերում պետական կամ պետականամետ լրատվամիջոցներն էին («Հայոց աշխարհ», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Արմինֆո» և այլն) բարձրաձայնում բնապահպանական խնդիրների մասին: Մինչդեռ ընդդիմադիր դիրքավորում ունեցող որոշ լրատվամիջոցներ հաճախ ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում դրանց՝ մինչև այն պահը, երբ խնդիրը սկսում էր հանրային լայն արձագանք ստանալ, և դրանք հանկարծ անցնում էին «ակտիվ պայքարի» և հայտարարում, թե իրենք են առաջինը բարձրացրել հարցը։ Բայց ժամանակագրությունը համառ բան է, իսկ մամուլի փոշոտ արխիվները երբեք չեն ստում։

Լրագրողները՝ առաջին ճակատում

Շիկահողի պետական արգելոցից մինչև Թեղուտ, Թռչկանի ջրվեժից մինչև Պարզ լիճ, Սևանա լճից մինչև Գառնիի «Քարերի սիմֆոնիա»՝ այս ամբողջ ճանապարհին առաջին հարվածը հասցրել է հենց մամուլը. լրագրողներն էին գնում ամենահեռավոր բնակավայրերը, փաստագրում ապօրինի անտառահատումները, նկարահանում գետերի աղտոտումը, ուսումնասիրում նախագծեր, համադրում թվեր, լսում մասնագետների կարծիքներ՝ այդ ամենը մատուցելով հանրությանը։

Անշուշտ, այդ տարիներին լրագրողը պարզապես տեղեկատվություն փոխանցող չէր. նա հաճախ դառնում էր մի ամբողջ գործընթացի շարժիչ ուժը։ Մեկ հեռուստա- կամ ռադիոռեպորտաժը կարող էր ստիպել պետական համակարգին արդարանալ, մամուլի մեկ հրապարակում ունակ էր փոխել հանրային վերաբերմունքը։

Այսօր շատերը մոռացել են, բայց հենց մամուլի ճնշման արդյունքում վերանայվեց Շիկահողի պետական արգելոցի տարածքով անցնող հայ-իրանական միջպետական ճանապարհի նախագիծը, հանրության համար բացահայտվեցին Պարզ լճում նախատեսվող կառուցապատման ծրագրերը, Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը, լուսաբանվեց Մաշտոցի պուրակի շուրջ ձևավորված պայքարը, փրկվեց Գառնու «Քարերի սիմֆոնիա» երկրաբանական հուշարձանը։ Փաստորեն, մամուլն էր, որ բառացիորեն խառնում էր խաղաթղթերը։

Հարկ է նաև ընդունել, որ ոչ բոլոր պայքարներն ավարտվեցին հաղթանակով. չհաջողվեց ամբողջությամբ կանգնեցնել Թեղուտի հանքավայրի ծրագիրը, փրկել Դալմայի այգիները։ Սակայն այսօր արդեն կարելի է փաստել, որ այդ պարտությունները ոչ թե մամուլի սխալ աշխատանքի, այլ բնապահպանական շարժումների ներսում առկա պառակտման, անհամաձայնությունների, քաղաքական շահերի և որոշ «էկոլոգիական ակտիվիստների» վարքագծի հետևանք էին։ Սա ես չեմ ասում, ինձ հետ զրույցում ժամանակին այս իրողությունը խոստովանել են ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ հանգուցյալ Կարինե Դանիելյանը եւ հանգուցյալ Աիդա Իսկոյանը։

Սակայն ամենացավալին, թերևս, այսօր արձանագրվող իրականությունն է։ Երբ համեմատում ենք 2003-2018 թվականների բնապահպանական իրավիճակը վերջին ութ տարիների հետ՝ կիրառելով բաց աղբյուրներում առկա փաստերն ու հրապարակումները, պարզ է դառնում, որ Հայաստանի բնությանը հասցված վնասի ծավալները վերջին տարիներին ոչ թե չեն նվազել, այլ ընդհակառակը՝ տասնապատվել են՝ դառնալով առավել վտանգավոր։ Անտառահատումներ, հանքարդյունաբերության ընդլայնում, ջրային ռեսուրսների խնդիրներ, քաղաքաշինական ծանր հետևանքներ, կանաչ տարածքների կրճատում, էկոհամակարգերի խախտումներ․ այս ամենը բաց քննարկվող թեմաներ են, բայց արծարծվում են այն ժամանակ, երբ դրանց շուրջ կա որոշակի շահագրգռվածություն, իսկ մնացած դեպքերում պահպանվում է քար լռություն։

Ահա այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը՝ իսկ որտե՞ղ են նախկին «բնապահպան ակտիվիստները»։ Իհարկե, նրանք կան, շարունակում են ակտիվ լինել սոցիալական հարթակներում, բայց․․․ Երբ փորձում ես հասկանալ նրանց ներկայիս գործունեության ուղղությունը, հաճախ տեսնում ես բոլորովին այլ պատկեր. շատերը ոչ միայն չեն բարձրաձայնում բնապահպանական խնդիրների մասին, այլև բացահայտ կամ անուղղակիորեն վերածվել են գործող իշխանությունների ջատագովների՝ երբեմն նույնիսկ արդարացնելով այն որոշումները, որոնք տարիներ առաջ իրենք առաջինը կքննադատեին։ Եվ սա այլևս միայն բնապահպանական թեմա չէ, սա հիշողության, սկզբունքների և արժեհամակարգի հարց է։ Որովհետև իրական բնապահպանը բնապահպան է ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանում է քաղաքական իրավիճակին, դրամաշնորհային ծրագրին կամ տվյալ ժամանակաշրջանի հանրային տրամադրություններին։

Եվ գուցե վերջապես ժամանակն է վերանայելու Հայաստանի բնապահպանական պայքարի իրական պատմությունը՝ հասկանալու համար, թե իրականում ովքեր էին այդ պայքարի շարժիչ ուժերը, ովքեր էին ստեղծում հանրային ճնշումը, և ովքեր էին տարիներ շարունակ փաստերով ու աշխատանքով ստիպում պետությանը՝ փոխել որոշումները։ Ցավալին թերևս այն չէ, որ ժամանակը մոռացության է տվել բնապահպանական պայքարի իրական հեղինակներին՝ լրագրողներին, որոնք առաջինն էին մտնում վտանգված տարածքները, առաջինը տեսնում մոտեցող աղետը և առաջինը ահազանգում, այլ այն, որ բնությունը, որը լրագրողների, մասնագետների և հանրության համառ պայքարի արդյունքում հաջողվել էր մասամբ փրկել, այսօր կրկին կանգնած է վտանգի առջև, իսկ որոշ տեղերում արդեն պարզապես կործանվել է։ Մինչդեռ նախկին աղմկոտ՝ բարձրախոսներով «ակտիվիստների» զգալի մասը հիմա լուռ է։

Այդուհանդերձ, ճշմարտություն մեկն է՝ Հայաստանի բնապահպանական պայքարի ամենահզոր զենքը երբեք էլ պաստառը չի եղել, այդ զենքը մամուլն էր, որը տարիներ շարունակ խառնում էր հակառակ կողմի խաղաթղթերը։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Մասաչուսեթս (ԱՄՆ)

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ